«Սասնա ծռերի»՝ սպանության մասին պատմած անդամը հրաժարվել է ցուցմունքից

«Սասնա ծռերի»՝ սպանության մասին պատմած անդամը հրաժարվել է ցուցմունքից

PanARMENIAN.Net - 2016-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի գործով դատական նիստում այդ գործից անջատված մասով մեղադրյալ Էդգար Սողոմոնյանը որպես վկա լրացուցիչ հարցաքննության ժամանակ հայտարարել է, որ Արմեն Բիլյանին կրակելուց չի տեսել, գրում է «Առավոտը»:

Էդգար Սողոմոնյանը «Սասնա ծռեր» խմբի անդամ էր: Ինչպես ժամանակին հայտարարել է զինված խմբին օժանդակելու համար մեղադրվող Անդրիաս Ղուկասյանը՝ Վարդան Գրիգորյանին, Էդգար Սողոմոնյանին և Գևորգ Մելքոնյանին «Սասնա ծռերը» համարում են դասալիքներ, որոնք գնդի գրավումից որոշ ժամանակ անց լքել են դրա տարածքը, ապա՝ ցուցմունքներ տվել իրենց դեմ, ինչի շնորհիվ նրանց գործը դեռ դատարան չի էլ մտել:

Էդգար Սողոմոնյանը դատարանին հայտնել է, որ ասելիքն Արմեն Բիլյանի կրակոցների հետ է կապված:

Արմեն Բիլյանը մեղադրվում է ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար, իրեն մեղավոր չի ճանաչում:

«Այն ժամանակ հրաժարվել եմ հարցերին պատասխանել, բայց իմ մեջ բան է տանջել: Այն ժամանակ լարվածություններ կային, իրականում Արմեն Բիլյանին չեմ տեսել...Խոստովանում եմ, որ այն ժամանակ ճնշումներ եմ զգացել, վախի զգացում, տենց էլ գրել եմ: Իրականում ես Արմեն Բիլյանին չեմ տեսել կրակելուց: Հրաժարվում եմ այդ ցուցմունքից: Բոլորի մոտ ասում եմ, որ նրան կրակելուց չեմ տեսել»,- հայտարարել է Սողոմոնյանը:

Մեղադրյալներից Պավլիկ Մանուկյանը հարցրել է՝ «ՊՊԾ մտնելիս Բիլյանի ձեռքին զենք տեսե՞լ ես»: Սողոմոնյանը բացասական պատասխան է տվել. «Նրան զենքով չեմ տեսել: Նա արդար է, ոչ մի բան չկա, ուղղակի վախ է եղել իմ մեջ, ամեն օր տանջվել եմ»:

«Սասնա ծռերը» մեղադրվում են 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու մեջ։ Զինված հարձակման հետևանքով զոհվեցին գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։ Պատանդ վերցված ոստիկանների թվում էին այն ժամանակվա Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը։ ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում էր 32 անձ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---