8 դեկտեմբերի 2008 - 15:39 AMT
ՀԱՊԿ անդամ պետությունները կհավաքվեն Աստանայում Նուրսուլթան Նազարբաեւի հրավերով
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը առաջարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ղեկավարներին հավաքվել Աստանայում դեկտեմբերի 20-ից հետո: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Տոկսատին Բուզուբաեւը: Նրա խոսքերով, հանդիպմանը ենթադրվում է քննարկել հետագա համագործակցությունը կազմակերպության շրջանակներում եւ զարգացման հեռանկարները:
Դեկտեմբերի 9-10-ին Երեւանում տեղի կունենա ՀԱՊԿ Անվտանգության խորհրդների քարտուղարների հանդիպումը: Ըստ Բուզուբաեւի, անվտանգության խորհրդների քարտուղարները կքննարկեն ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարում համատեղ ջանքեր, «Կանալ» օպերատիվ կանխարգելիչ օպերացիային մշտական գործող օպերացիայի կարգավիճակ շնորհելու շրջանակներում հակաթմրանյութային գործունեության հզորացման խնդիրները, տեխնածին եւ բնական արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հետեւանքների վերացման կոլեկտիվ ներուժի ձեւավորման, ապօրինի միգրացիային հակազդելու եւ այլ հարցեր, որ գտնվում են Անվատնգության խորհրդների պատասխանատվության ոլորտում»,-նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը: Ներկայումս ՀԱՊԿ-ում նախագահում է Հայաստանը:
Կազմակերպությանն անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Բելառուսը, Ղրղզստանը եւ Ուզբեկստանը: