Երեւանին եւ Բաքվին ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ «տեխնիկական փաստաթուղթ» են փոխանցել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի, Ֆրանսիայի արտգործնախարարներն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հելսինկիում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին «տեխնիկական փաստաթուղթ» են փոխանցել, որը կարող է նպաստել ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը եւ արագացնել հակամարտության կարգավորման հիմքը կազմող սկզբունքների համաձայնեցման գործընթացը: Այդ մասին հաղորդել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բեռնար Ֆասյեն:



«Սկզբում փաստաթուղթը պետք է մշակվի եւ հետազոտվի, իսկ հետո այն կամ կարժանանա հակամարտող կողմերի հավանությանը, կամ էլ կմերժվի»,- նկատել է ֆրանսիացի համանախագահը: Ֆասյեն նաեւ տեղեկացրել է, որ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը կողմերին մի գրաֆիկ առաջարկեցին, որը թույլ կտա հաջորդ տարվա ընթացքում ավարտին հասցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքը կազմող սկզբունքների համաձայնեցումը:



«ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների` Հելսինկիում կայացած վերջին հանդիպումը շատ օգտակար էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով: Առաջին հերթին, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները ավելի քան 5 ժամ քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Քննարկմանը ներկա էին նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Բացի այդ, Ֆրանսիայի, Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարներն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կողմերին կոչ արեցին առաջընթաց քայլ անել վստահության մթնոլորտի ամրապնդման ճանապարհին եւ դիպուկահարներին դուրս բերել շոշափման առաջնային գծից»,- նկատել է Ֆասյեն, հաղորդում է «Սվոբոդա» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---