Կորոնավիրուսով հիվանդների թիվը Վրաստանում հասել է 15-ի: Այդ մասին տեղեկացրել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժտնօրեն Մարինա Էզուգբայան:
Ըստ նրա՝ վարակվածներից մեկը Վրաստան է եկել Իսպանիայից, բայց տևական ժամանակ շփումներ է ունեցել իտալացիների հետ: Ընդհանուր առմամբ, առաջին 3 վարակվածի վիճակը կայուն է, 4-րդինը՝ կայուն ծանր, նա բարձր ջերմություն ունի և երկկողմ թոքաբորբ, գրում է «Sputnik Գրուզիան»:
«15 վարակվածի կյանքին առայժմ վտանգ չի սպառնում: Ամեն մեկի մոտ տարբեր ախտանիշներ են՝ մեկը հազում է, մյուսի կոկորդն է ցավում, երրոդը մրսածության ախտանիշներ ունի»,- ասել է նա:
Էզուգբայան նշել է, որ բժիշկներն ուշադիր հետևում են նրանց առողջական վիճակին:
Վրաստանում կարանտինում 141 մարդ կա, որոնցից 51-ի մոտ կորոնավիրուս է կասկածվում:
Կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում մոտ 110,110 է, վիրուսից մահացել է մոտ 3800 մարդ, ապաքինվել՝ մոտ 62,000-ը: Ներկայումս վարակակիր համարվող մոտ 43,000 մարդկանց 14%-ը ծանր կամ կրիտիկական վիճակում է: