19 մարտի 2020 - 11:13 AMT
Ինչ տուգանքներ են սահմանվում արտակարգ դրությունը խախտելու համար

Արտակարգ դրության ժամանակ ՀՀ կառավարության կողմից սահմանված` սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգը խախտելը տուգանվում է սահմանված նվազագույն աշխատավարձի 200-300-ապատիկի չափով, հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:

Կենտրոնից հորդորում են անվերապահորեն ապահովել արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության, պարետի, իրավասու մարմինների որոշումներին և կատարել ցուցումները:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հոդված 182.3-ը պատասխանատվություն է սահմանում արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար։

Կենտրոնից նշում են, որ արտակարգ դրության տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը խախտելը տուգանվում է սահմանված նվազագույն աշխատավարձի 50-70-ապատիկի չափով:

Գործադուլների և իրավաբանական անձանց գործունեությունը կասեցնող կամ դադարեցնող այլ միջոցառումների արգելքը խախտելը կարող է տուգանվել նվազագույն աշխատավարձի 50-200-ապատիկի չափով:

Ըստ օրենքի՝ արտակարգ դրության ժամանակ տրանսպորտի տեղաշարժման սահմանափակումները խախտելը, ինչպես նաև դրանց զննման իրականացմանը խոչընդոտելը` կարող է առաջացնել նվազագույն աշխատավարձի 50-100-ապատիկի չափով:

ԶԼՄ-ի կողմից արտակարգ դրության ժամանակ արգելված հրապարակումների, հաղորդումների թողարկումը ենթադրում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 500-800-ապատիկի չափով:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: ՀՀ-ում մարտի 19-ի առավոտվա դրությամբ կա կորոնավիրուսի 115 դեպք: Նրանցից մեկն առողջացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից