19 մարտի 2020 - 12:21 AMT
ԿԳՄՍՆ-ն ու բուհերի ռեկտորները քննարկել են ուս.գործընթացի կազմակերպումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ հանդիպում է եղել՝ քննարկելու արտակարգ դրության պայմաններում ուսումնական հետագա գործընթացի կազմակերպման խնդիրները։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանի ղեկավարությամբ անցկացված հանդիպմանը քննարկվել են կրթական ծրագրերը հեռավար ուսուցմամբ կազմակերպելու բուհական հնարավորությունները և ներկայիս խնդիրները:

Ելնելով համալսարանների բովանդակային առանձնահատկություններից՝ ռեկտորները ներկայացրել են ուսումնական գործընթացի կազմակերպման իրենց առաջարկներն ու մոտեցումները: Քննարկվել են ուս.ծրագրով նախատեսված ժամերը լրացնելու այլ տարբերակներ ևս, այդ թվում՝ խտացված ծրագրով աշխատանքը, միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծումը՝ դասախոսությունների տեսաձայնագրություններով, տեսական նյութերի ուսուցումը կազմակերպել էլեկտրոնային փոստերի միջոցով և այլն:

Արդյունքում որոշվել է դիմել ԿԳՄՍ նախարարին` բուհերում ուսումնական գործընթացի անընդհատությունն ապահովելու և նոր ձևաչափով կազմակերպելու ուղղությամբ առաջարկով. պահպանելով արտակարգ դրության պահանջները՝ թույլատրել բուհերին․

ա) ընթացիկ կիսամյակում դասավանդման և գիտելիքների ստուգման գործընթացները կազմակերպել ելնելով բուհի մասնագիտական ուղղվածությունից և ուսուցանվող մասնագիտությունների առանձնահատկություններից, հնարավորինս օգտագործելով տեղեկատվական և հաղորդակցման ժամանակակից տեխնոլոգիաները` կրելով դրա արդյունքների ամբողջ պատասխանատվությունը,

բ) կատարել աշխատանքային օրերի տեղափոխություններ՝ պահպանելով աշխատակիցների աշխատավարձը և հանգստի իրավունքը»։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 19-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 115 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից