19 մարտի 2020 - 22:15 AMT
ՀՀ վերադարձող քաղաքացիներին առաջնային օժանդակություն կտրվի

Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին առաջնային օժանդակություն կցուցաբերվի՝ հետագայում նրանց լիարժեք և կայուն վերաինտեգրումն ապահովելու համար։

Կառավարությունն ընդունել է «ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագիրը»։

Այն բաղկացած է 2 բաղադրիչից՝ տեղեկատվական աջակցության տրամադրում և գնահատված կարիքներին համապատասխան ուղղորդում։ Այս բաղադրիչը վերաբերում է ինչպես կամավոր, այնպես էլ հարկադիր վերադարձող ՀՀ քաղաքացիներին, տեղեկացնում է Միգրացիոն ծառայությունը։

Երկրորդը կացարանով ապահովման բաղադրիչն է։ Այն վերաբերում է միայն հարկադիր վերադարձած ՀՀ քաղաքացիներին։ Ժամանակավոր կացարանով ապահովումը նախատեսում է բնակարան վարձակալելու համար սուբսիդիայի տրամադրում՝ 6 ամիս տևողությամբ, 60.000 դրամի չափով: Ծրագրի թիրախային խմբեր են սահմանվել հետընդունման (ռեադմիսիոն) համաձայնագրերի շրջանակում վերադարձողները և օտարերկրյա պետություններից արտաքսված կամ վտարված առավել խոցելի ՀՀ քաղաքացիները։

Ծրագրով սահմանվել են ժամանակային չափանիշներ՝ առնվազն 1 տարի արտերկրում բնակության տևողությունը և վերադարձից հետո առավելագույնը 3 ամսվա ընթացքում ծրագրին դիմելու ժամանակահատվածը:

Ծրագրի հիմքում է անձանց խոցելիությունը, այլ ոչ թե նրանց միգրացիոն փորձառություն ունենալու հանգամանքը։

Ծրագրի ընդունումը կարևոր քայլ է նաև ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի շրջանակներում Հայաստանի պարտավորությունների իրականացման արդյունքում առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ, ինչն էլ կարևոր է ՀՀ-ԵՄ միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման երկխոսության մեկնարկի համար։