Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վրացի պաշտոնակից Գիորգի Գախարիայի հետ հեռախոսազրույցում քննարկել է Վրաստանի տարածքով հայկական ապրանքների տարանցիկ փոխադրմանն առնչվող հարցեր: Նշվել է, որ հատուկ միջոցներ են ձեռնարկվում Լարսի մաքսակետով անխափան բեռնափոխադրումներ ապահովելու ուղղությամբ:
Երկու երկրի վարչապետերը տեղեկություն են փոխանակել իրենց երկրներում COVID-19 համաճարակի հետ կապված իրավիճակի վերաբերյալ:
Փաշինյանը և Գախարիան կշարունակեն կանոնավոր շփումները` հետագա խնդիրներին արագորեն արձագանքելու համար:
Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ երկու երկրի միջև բեռնափոխադրումներն իրականացվում են անխափան:
Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն՝ Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային անցակետերում ուժեղացվել է բեռնատար մեքենաների՝ այլ երկրների քաղաքացի հանդիսացող վարորդների նկատմամբ վերահսկողությունը: