Ապրիլի 24-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը և Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ծաղիկներ են դրել Մոսկվայի եկեղեցու տարածքում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ արարողությանը մասնակցել են նաև դեսպանության դեսպանորդ Բորիս Սահակյանն ու դիվանագիտական ներկայացուցչությանը կից ռազմական կցորդ Արմեն Լալայանը։
Ապրիլի 24-ի առավոտյան Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում պատարագ է մատուցվել, որի ավարտին Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ է կատարվել։
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը կորոնավիրուսի համաճարակի պատճառով անցել է բացառիկ պայմաններում։ Ապրիլի 23-ի երեկոյան ավանդական ջահերով երթին փոխարինել է Լուսավառ ոգեկոչման րոպեն, ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդ ամենամյա երթն անցկացվել է վիրտուալ։ Դրան մասնակցել է 85,000-ից ավելի մարդ։