Նախարար․ Համավարակի ավարտը 5 տարուց ավելի շուտ տեսանելի չէ

Նախարար․ Համավարակի ավարտը 5 տարուց ավելի շուտ տեսանելի չէ

PanARMENIAN.Net - Եթե ՀՀ-ում ամեն օր գրանցվի վարակի 70-80 հաստատված դեպք, ապա 7-10 օրվա ընթացքում (հաստատված դեպքերի ավելի մեծ թվի դեպքում՝ ավելի վաղ), ասիմպտոմ վարակակիրները հյուրանոցներից «դուրս կգրվեն»՝ բուժման ընթացքն անցկացնելով տներում, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Այսպիսով, հիվանդանոցներում կմնան միայն բուժօգնության կարիք ունեցողները, որոնք ըստ նախարարի՝ վարակվածների մոտ 20-30%-ն են կազմում։

Նրա խոսքով՝ 119 շրջիկ խումբ է աշխատելու, որպեսզի վարակակիրները չլքեն իրենց բնակության վայրերը, սակայն կարևոր է բոլորի աջակցությունը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված և հիվանդանոցային բուժման կարիք ունեցողների համար 1550 տեղ է առանձնացվել։

«Այսօր աշխատանքային հեռավար քննարկման եմ եղել՝ աշխարհի 6 երկրի հետ, աշխարհի տարբեր ծայրերում։ Մենք փոխանակվեցինք փորձով, բոլորի մոտ էլ նույն վիճակն է մոտավորապես։ Մի տեղ քիչ դեպքեր, մի տեղ՝ շատ։ Վերջում մի ամփոփիչ նոտա եղավ, որ եթե նույնիսկ հայտնաբերվի այս հիվանդությունը բուժելու դեղամիջոցը կամ պատվաստանյութը, որն ավելի քիչ հավանական է կամ ավելի ուշ կլինի, միևնույն է՝ կորոնավիրուսային համավարակի վերջը հնարավոր է տեսանելի լինի ոչ շուտ, քան 5 տարուց», – ասել է նախարարը՝ հավելելով, որ վարքագիծը պետք է ճշգրտել՝ ըստ այդ ժամկետի և պետք է ստեղծվեն նոր կանոններ։

Ըստ Թորոսյանի՝ արտակարգ ռեժիմի երկարացման ընթացքում պահպանվելու են շատ կանոններ, ներդրվելու են վարքագծային նոր կանոններ, ինչպես նաև կիրառվելու են այդ ռեժիմի խախտման պատասխանատվության խիստ միջոցներ, սակայն մամուլում և սոցցանցերում շարունակվում է զավեշտի վերածվել արտակարգ դրության երկարացումը։

«Ինձ, անկեղծ ասած, այս ամենը շատ է հիասթափեցնում։ Մենք ինչի՞ վրա ենք սրամտում, որ մենք այս կամ այն սահմանափակումը, միևնույն է, չենք անելու և, միևնույն է, մենք շատ հիվանդանալու ենք, միևնույն է, մենք շատ մահեր ենք տալու, դրա վրա՞ ենք սրամտում, թե՞ մենք կարող ենք մի քիչ մեր ներքին քննադատությունը զարգացնել և փորձել այդ ամենն իրագործել, նույնիսկ եթե դա այդքան էլ սովորական չէ մեզ համար, մենք սովոր չենք դիմակ կրելուն, օրինակ հանրային տրանսպորտում կամ այլ փակ վայրում, կամ աշխատանքի վայրում»,-ասել է Թորոսյանը` նշելով, որ յուրաքանչյուրը պարտավոր է մտածել իր հարազատի առողջության մասին։

ՀՀ-ում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունը երարաձգվել է մինչև հունիսի 13-ը։ Երկրում մայիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 4044-ի: Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 52 է, առողջացել է 1666 պացիենտ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---