ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 2003 թ. սեպտեմբերի 30-ին սպանության համար հետախուզման մեջ գտնվող մեղադրյալը Վրաստանի ՆԳՆ կողմից մեկ այլ քաղաքացու կեղծ տվյալներով ստացել է Վրաստանի քաղաքացու անձնագիր և մեկնել Ֆրանսիա: Վրաստանի քաղաքացու տվյալներով, ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, նա 2010 թ. դիմել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն, իսկ 2011թ. փետրվարին, նույն կեղծ տվյալներով, ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում է ներկայացրել ՀՀ նախագահին:
2003-2018-ին կատարված սպանությունների և դրանց փորձերի դեպքերի առթիվ ՔԿ-ում քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ:
ԱԱԾ-ից անձնագրային և վիզաների վարչություն պատասխան գրություն է ուղարկվել, որ ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ առարկություն չունեն:
ՀՀ նախագահի 2011 թ. հունիսի 20-ի հրամանով մեղադրյալին, կեղծ տվյալներով, ՀՀ քաղաքացիություն է շնորհվել, իսկ 2011թ. հոկտեմբերի 31-ին վերջինս ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր, որից հետո այդ անձնագրով, 2012 թ. մարտի 23-ից մինչև 2016 թ. օգոստոսի 24-ը, պարբերաբար ապօրինի հատել է ՀՀ պետսահմանը:
2011 թ. նոյեմբերի 1-ից մեղադրյալը, կեղծ տվյալներով, ՀՀ ՊՆ է ընդունվել ծառայության՝ նշանակվելով զինծառայողի հաստիքի որպես զորամասի ուսումնական մասի պետ-դպրոցի պետի տեղակալ:
Միաժամանակ, ՊՆ Էրեբունու զինկոմիսարիատում, առանց սահմանված փաստաթղթերի և ստուգումների, մեղադրյալի կեղծ տվյալներով կազմվել է սպայի անձնական գործ:
2011 թ. դեկտեմբերի 23-ից ՊՆ կողմից մեղադրյալին, «դրամական օժանդակություն» հիմնավորմամբ, ամեն ամիս փոխանցվել են գումարներ: 2012 թ. հունիսի 4-ին ՊՆ ղեկավարի հրամանով մեղադրյալն ազատվել է ծառայությունից՝ զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության հիմքով: Դրանից հետո էլ ՊՆ կողմից շարունակվել են ամեն ամիս գումարներ փոխանցվել մեղադրյալին՝ մինչև 2012թ. դեկտեմբերի 3-ը: Այնուհետև՝ 2015 թ. ապրիլի 28-ից մինչև 2016 թ. օգոստոսի 26-ը, մեղադրյալի հաշվեհամարին ՊՆ-ից, «ռազմական կարիքների համար» հիմնավորմամբ, փոխանցվել են գումարներ, ինչպես նաև՝ նրան տրամադրվել է ՊՆ ծառայողական վկայական և ավտոմեքենա: Ընդհանուր ՊՆ-ից մեղադրյալի հաշվեհամարին փոխանցվել է մոտ 9 մլն դրամ:
2015 թ. փետրվարի 9-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում արգելանք է սահմանվել հետախուզվող մեղադրյալի, կեղծ տվյալներով անձի սահմանահատումների նկատմամբ:
2015 թ. փետրվարին մեղադրյալը ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել է Վանաձորում, սակայն ազատ է արձակվել՝ չներկայացվելով նախաքննական մարմնին․․․ 2015 թ. ապրիլի 30-ին, մեղադրյալը մեկնել է ՀՀ-ից: Հետագայում էլ մեղադրյալը շարունակել է ազատորեն տեղաշարժվել և հատել սահմանը:
Բացի դրանից՝ 2015 թ. ԱԱԾ-ն պարզել է, որ կեղծված տվյալներով մեղադրյալը առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ մեղադրվող հետախուզվող է, որ նա գտնվում է ՀՀ-ում և միջոցներ չեն ձեռնարկվել՝ վերջինիս բերման ենթարկելու և նախաքննական մարմնին հանձնելու ուղղությամբ:
Հաշվի առնելով, որ հայտնաբերվել են Ոստիկանության, ՊՆ, ԱԱԾ մի շարք պաշտոնատարների կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և ծառայողական պարտականությունները չկատարելու առերևույթ տվյալներ, 2020 թ. մայիս 15-ին ՔՕ 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով հարուցվել է քրգործ, որն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: