ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, «Ազատություն» ռադիոկայանի եթերում անդրադառնալով կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իրավիճակին, խոսել է այն մասին, թե ինչպես է որոշվում՝ կորոնավիրուսից է մահացել հիվանդը, թե այլ հիվանդությունից, եթե դիահերձում չի արվում։
Նախարարը նախ պարզաբանել է, որ դիահերձում ընդհանրապես արվում է հազվադեպ դեպքերում, հիմնականում, մահվան պատճառն ախտորոշվում է բժիշկների կողմից ներկայացված կլինիկական պատկերի հիման վրա։
«Մահվան պատճառը մահվան դեպքերի ընդամենը 20–30 տոկոսում է դրվում դիահերձարանում, մնացած բոլոր դեպքերում դրվում է բժշկի, ավելի ճիշտ բժիշկների խմբի կողմից»,– ասել է նա։
Այլ պատճառով մահերը հիմնականում գրանցվում են սրտամկանի ինֆարկտից, գլխուղեղի կաթվածից կամ այլ երկարատև քրոնիկական հիվանդությունից՝ այսինքն հիվանդն ամեն դեպքում մահանալու էր, իսկ կորոնավիրուսային վարակը հետմահու է ախտորոշվել՝ առանց դրան բնորոշ կլինիկական ախտանիշների։
Թորոսյանը հավելել է, որ աշխատանք է տարվում ինֆեկցիոն չափանիշներով դիահերձարան ունենալու համար, որպեսզի հնարավոր լինի ցանկացած դեպքում դիահերձել։
Մայիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդներից ծայրահեղ ծանր վիճակում է 32 պացիենտ, ծանր վիճակում` 65-ը։ Թոքաբորբով մոտ 700 պացիենտ կա, 11 պացիենտ միացված է թոքերի արհեստական շնչառության սարքերին:
ՀՀ-ում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունը երարաձգվել է մինչև հունիսի 13-ը։ Երկրում մայիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 4044-ի: Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 52 է, առողջացել է 1666 պացիենտ։