Փաշինյանն՝ Արցախի նախագահին․ ՀՀ-ն և Արցախն անվտանգային ընդհանուր տարածք են

Փաշինյանն՝ Արցախի նախագահին․ ՀՀ-ն և Արցախն անվտանգային ընդհանուր տարածք են

PanARMENIAN.Net - Հայաստանը և Արցախն անվտանգային ընդհանուր տարածք են՝ այս առումով անելիքները, մարտահրավերներն ակնհայտ են և բացահայտ: Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Երևանում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ առաջին պաշտոնական հանդիպմանը:

Նա վստահություն է հայտնել, որ կկարողանանք համագործակցված դիմակայել մարտահրավերներին, կառավարել այդ մարտահրավերները և հայրենիքը դուրս բերել ռազմավարական, երկարատև և կայուն զարգացման ուղի:

Վարչապետը խորհրդանշական է համարել, որ Երևանում պաշտոնական առաջին հանդիպումն անցնում է Առաջին Հանրապետության օրը։ «Ընտրություններից հետո ստեղծվել են բոլոր նախադրյալները, որպեսզի ՀՀ և Արցախի կառավարությունները ռազմավարական, երկարաժամկետ ծրագրերի իրագործման փուլ անցնեն: Եվ, իհարկե, այստեղ մեր ռազմավարությունները և ծրագրերը պետք է հնարավորինս համադրվեն, որպեսզի սիներգիայի էֆեկտն ավելի մեծ լինի:

Իր հերթին, նախագահ Հարությունյանը նշել է. «․․․Ինտեգրման խորացումն ինձ համար լինելու է գլխավոր թեմաներից մեկը և պատահական չէ, որ մտածում ենք առանձին՝ ինտեգրման կոմիտեի տեսքով ստորաբաժանում ունենալու մասին…Անվտանգության առումով, ունենք ավելի կարևոր համագործակցություն պաշտպանության բանակում, բայց մենք ունենք խնդիրներ անվտանգային մնացած ուղղություններով, որտեղ համատեղ աշխատանքը ևս կարևոր է»,-ասել է նա:

Ըստ Արցախի նախագահի, տնտեսության ոլորտում ավելի մեծ տեմպեր կարող են գրանցվել։

«Ակնկալում եմ անմիջապես Ձեր աջակցությունը պահպանելու նույն տեմպը, ինչպես վերջին տարիներին եղել է Ձեր ղեկավարման ընթացքում, որպեսզի առաջիկայում տեսնենք Արցախի շենացման, զարգացման ավելի ցայտուն օրինակներ: Տեսնում եմ Արցախն օր առաջ փոխելու, զարգացնելու և որպես հայության համար կարևոր բնօրրան ներկայանալու հնարավորությունը»,-ասել է Հարությունյանը։

Զրուցակիցները քննարկել են նաև ՀՀ և Արցախի կառավարությունների միջև հետագա համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ գտնվում է Երևանում: Մայիսի 28-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ու ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ նա այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Հարությունյանը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---