Փաշինյան․ Կանոնների չպահպանմամբ նրանք, ովքեր պիտի մահանային, կմահանան, և հետո նոր թվերը կիջնեն

Փաշինյան․ Կանոնների չպահպանմամբ նրանք, ովքեր պիտի մահանային, կմահանան, և հետո նոր թվերը կիջնեն

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսը չի հաղթահրվելու մինչև չպահպանվեն հակահամաճարակային պայմանները, կամ հաղթահարվելու է հետևյալ կերպ՝ բոլոր նրանք, ովքեր պիտի մահանային, կմահանան, և դրանից հետո նոր միայն թվերը կիջնեն, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա նշանակում է, որ մենք այսօր մեր վարքագծով հարյուրավոր, հազարավոր քաղաքացիների ուղղակի դատապարտում ենք մահվան։ Նույնիսկ տնային պայմաններում կարված դիմակի ճիշտ կրմամբ վարակի տարածման համաթիվը հնարավոր է իջնի 1-ից, ինչը մեզ համար այսօր երազանք է։ Ամբողջ խնդիրն այն է, որ, ի տարբերություն գլոբալ երազանքների, մենք կարող ենք միասին իրագործել»,- ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ այս օրերին հրապարակվող գիտական հոդվածներում դիմակների անհրաժեշտության մասին խոսվում է՝ որպես կորոնավիրուսի տարածումը կանխող ամենաէֆեկտիվ միջոցների։

Վարչապետը, հղում անելով գիտական հետազոտությանը, նշել է, որ դիմակներն անհրաժեշտ են նաև առողջ մարդկանց, «դրանք հնարավորություն են տալիս չշնչել վարակվածների արտաշնչած մթնոլորտային մասնիկները, որոնք օդում կարող են տասնյակ րոպեներ մնալ»։

Փաշինյանի խոսքով՝ սա սենսացիոն արձանագրում է, իսկ դիմակների կրումն ավելի արդյունավետ է, քան կարանտինն ու սոցհեռավորությունը։ Վարչապետի բնորոշմամբ՝ մայիսի 25-ից հետո Կառավարությունն առաջարկել է համաճարակի կանխարգելման ամենաարդյունավետ մեթոդները։

Հայաստանում հունիսի 15-ի առավոտյան դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 17,064-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 285 դեպք կա, այլ պատճառով՝ 94։ Առողջացածների ընդհանուր թիվը 6276 է։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---