Տոպրակներով տոպրակ ունենալու, «տանը մնալու» և սոլիդ լինելու մասին. 30-ի «ճգնաժամը»![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Առավոտյան արթնացա բարձր տրամադրությամբ. այսօր 29 տարեկան եմ դառնում, գրեթե հասել եմ այն 30-ին, որից հետո, ասում են, «կյանք կա»: Մոտ 5 տարի առաջ սարսափով էի պատկերացնում այդ օրը, մտածում էի՝ «մեծ եմ լինելու»: Այժմ էլ, երբ լսում եմ 30 տարեկան որևէ մեկի մասին, մտածում եմ՝ դե, մեծ մարդ է, եքա ձյաձյա/ծյոծյա, հետո մի պահ նայում եմ հայելու մեջ՝ գրեթե-30-տարեկան ինձ, լեզու հանում, հիշում, որ տարօրինակ զանգերի դեպքում «տանը մեծերից մարդ կա՞» հարցին պատասխանում եմ՝ ոչ, ու հասկանում եմ, որ ախր դա լուրջ տարիք չէ: Լավ տարիք է. երբ արդեն լիքը հարցերում կայացել ես, կողմնորոշվել, ընտրել կյանքի ուղին, սովորել շատ բան, թե՛ սեփական, թե՛ ուրիշների սխալների վրա ձեռք բերել փորձ, բայց միաժամանակ երիտասարդ ես, էներգիայով, եռանդով ու կյանքի ուժով լի, պատրաստ նորը փորձելուն ու սովորելուն, նոր բարձունքներ նվաճելուն, աշխարհը նվաճելուն, և, ի տարբերություն 20 տարեկանների նմանատիպ պատրաստակամության, քոնի տակ կա նաև հիմք և սեփական ուժերն ադեկվատ գնահատելու կարողություն, որը գուցեև որոշ հարցերում խանգարում է՝ դարձնելով քեզ ավելի զգուշավոր, բայց հաստատ ավելի շատ օգուտ է բերում՝ հետ պահելով ճակատագրական սխալներից: Խառը տարիք է. երբ սկսում ես իմանալ համատիրության տեղը, հեռախոսիդ մեջ հայտնվում են գազի, լույսի, ջրի մարդկանց համարները, ունենում ես սիրելի թավա, որի պոչը գուցե մի քիչ ծռվել է, բայց «կարտոշկի ժարիտը» հենց դրա մեջ է անմահական համեղ ստացվում, բայց դեռ պատրաստ չես մենամարտել տանը հայտնված սարդի կամ խավարասերի հետ, զոհաբերել «սիրելի չստիկն» այդ նպատակով, և օգտագործում ես ուրիշինը։ Տանը հայտնվում է քո, իմիննոյ քո անձնական՝ տոպրակներով լի տոպրակը՝ բաժանված կենցաղային կարիքների և նվերների համար նախատեսված տոպրակների, և այդ փաստը քեզ հիացնում է։ Մեծահասակ բարեկամների ու հարևանների համար դու դեռ երեխա ես, բայց քո ծնողները (որոնց համար դու մինչև կյանքիդ վերջ էլ երեխա ես մնալու) սկսում են քեզ հետ կիսվել, խոսել կյանքի դժվարություններից այնպես, ինչպես երբեք առաջ, հարցնել քո կարծիքն ու խորհուրդները տարբեր հարցերում՝ լրիվ «մեծավարի»։ Եւ այդ ամենի հետ մեկտեղ հագնվում ես նույն խանութներից, որոնցից օգտվում են թինեյջերները, քեզ վրա հավասարաչափ լավ են նայվում թե՛ մուլտհերոսների պատկերներով հուդիները, թե՛ «կաստում-շալվար» դասական հագուկապը, իսկ որպես փոխադրամիջոց կարող ես ընտրել ինքնագլորը, և դա տարօրինակ չի նայվի: Բարդ տարիք է. ոչ ոք այլևս չի արդարացնում քեզ «դե ջահել ա, սաղ կյանքը դեմն ա» խոսքերով, իհարկե «ջահել ես», իհարկե «կյանքը դեմդ է» բայց ուրիշների աչքերում դա քեզ որևէ արտոնություն չի տալիս՝ միայն պարտկանություններ: Երբ հասնում ես կյանքիդ մեջտեղի սկզբերին, հասարակությունը, շրջապատը, մարդիկ սկսում են քեզնից ավելին ակնկալել։ 30 տարեկանը պիտի ունենա լավ աշխատանք՝ «սոլիդնի բան, ոչ թե էդ ձեր ստից բաները», պիտի լինի ամուսնացած, առնվազն՝ նշանված, թե չէ «տանն ես մնացել», պիտի ունենա երեխա՝ «հետո ուշ է լինելու», «ծնողները մեծ են, թոռ են ուզում», պիտի լինի «լուրջ»: Այո, հենց այդպես՝ լուրջ: Լրջանալու կոչը տարիքի հետ ավելի հաճախ ես սկսում լսել, բայց խոսքն ամենևին լուրջ քայլեր անելու մասին չէ, շատ հաճախ լուրջ լինելու տակ մարդիկ նկատի ունեն լուրջ երևալ, միայն թվալ, մի խոսքով՝ շարունակել անել հիմարություններ, բայց լուրջ դեմքով: Մեզանում ընդունված է, որ մարդը տարիքի հետ պետք է սովորի իրեն «ծանր պահել», թեթև և ուրախ ապրելը «սոլիդ» չէ: Եթե դու ֆրիլանսեր ես և բավականաչափ գումար ես վաստակում, միշտ կգտնվեն քեզնից քիչ վաստակող մարդիկ, որոնք քեզ անլուրջ կհամարեն միայն նրա համար, որ դու էլ նրանց պես առավոտից 12 ժամ չես տանջվում այն աշխատավայրում, որից զզվել ես և որի գրողը տարած տնօրենին աչքով աչք չունես տեսնելու: Եթե դեռ չես ուզում կյանքդ կապել որևէ մեկի հետ, միշտ կգտնվեն ամուսնացած, բայց խորապես դժբախտ մարդիկ, որոնք իրենց կյանքն ավելի հաջողված են համարում, իսկ քոնը՝ սխալ, զուտ որովհետև իրենք «ճիշտ ժամանակին» են ամուսնացել: Եթե դեռ չունես երեխա, որովհետև պատրաստ չես այդ պատասխանատվությանը, չունես ցանկություն/գումար/ժամանակ/հնարավորություն, և գիտակցում ես դա, միշտ կգտնվեն մարդիկ, որոնք իրենց երեխաների դաստիարակելու հարցում չհաջողած՝ փորձելու են քեզ կյանքի դասեր տալ, համոզել, որ քո՝ աշխատանքով, ժամանցով, հոբբիներով, ճանապարհորդություններով լի կյանքն անիմաստ է, քանի դեռ չունես երեխա: Այդպիսի բան է 30 տարեկանը. խառը ու հակասական, ոմանց համար՝ կյանքի սկիզբ, մյուսների՝ ամեն լավի ավարտ: Եւ դա հատկապես լավ է երևում, երբ հավաքվում է 30 տարեկանների մի մեծ խումբ, որտեղ ոմանք արդեն դպրոցական տարիքի երեխաներ ունեն, իսկ մյուսները եկել են հանդիպման գիրոսկուտերով, ոմանք նոր թանկարժեք մեքենա են գնել, իսկ մյուսների ամենամեծ ձեռքբերումը դեռ Airpods-երն են, ոմանք կորցրել են աչքերի փայլն ու ձուլվել մոխրագույն կոստյումին, իսկ մյուսներն անչափահաս եղբոր/քրոջ զգեստապահարանից են օգտվում, ոմանք արդեն 6 տարբեր մասնագիտություն են փոխել և աչքը դրել 7-րդի վրա, իսկ մյուսները դեռ չեն հանդգնում 10 տարվա աշխատավայրում աշխատավարձի բարձրացում պահանջել: Նման և միաժամանակ այդքան տարբեր մարդիկ չեն լինում թերևս կյանքի ոչ մի այլ փուլում, մարդիկ, որոնց միավորում է տանը սեփական «տոպրակներով տոպրակ» ունենալը և մեծահասակ լինելով՝ «տանը մեծերից մարդ չունենալը»: Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |