27 հունվարի 2009 - 15:35 AMT
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը տեղեկատվություն չունի այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է փոխանցել
Մենք չգիտենք աղբյուրը, որը հանդես է գալիս «ամերիկացի դիվանագետ» ծածկանունով եւ մեջբերվում ադրբեջանական մամուլի կողմից: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել են Երեւանում ԱՄՆ դեսպանության մամլո ծառայությունում: «Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը տեղեկատվություն չունի այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է փոխանցել: Ռուսական եւ հայկական կառավարությունները հերքում են այդ գործարքը: Մենք համոզված ենք, որ Հայաստանը հավատարիմ է Եվրոպայում հասարակ սպառազինությունների մասին Պայմանագրին (ԵՀՍՊ)»,- ընդգծել են մամլո ծառայությունում:

Նոր տարուց հետո ադրբեջանական մամուլում համառորեն խմորվում է լուրն այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանին $800 միլիոնի սպառազինություն է փոխանցել: ՌԴ ԱԳՆ եւ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը կտրականապես ժխտում են այդ փաստը: Բայց ադրբեջանական ԶԼՄ-ն շարունակում է գրել սպառազինության իբր տեղ գտած մատակարարման մասին:

«Մենք հիմա ուսումնասիրում ենք Հայաստանին $800 միլիոնի ռուսական սպառազինության փոխանցման հարցը: Եթե այդ տեղեկատվությունը հաստատվի, մենք կպահանջենք միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի ռազմական օբյեկտների անկախ մոնիթորինգ: Որովհետեւ Հայաստանը միջազգային կազմակերպությունների եւ ԵՀՍՊ շրջանակներում պարտավորվել է ունենալ իր քվոտը չգերազանցող զենք»,-1news.az-ին է հայտնել ամերիկացի դիվանագետներից մեկը, որը ցանկացել է անհայտ մնալ: