Հունաստանի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Նիստը նախագահել է երկրի խորհրդարանի փոխղեկավար Աթանասիոս Բուրասը՝ «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունից, տեղեկացնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։
Համաձայնագիրը խորհրդարան էր մտել հունիսի 24-ին:
Հուլիսի 1-ին Հունաստանի խորհրդարանի արտաքին գործերի և ազգային պաշտպանության մշտական հանձնաժողովում վավերացմանը նախորդել էին համաձայնագրի վերաբերյալ քննարկումներն ու լսումները, հիմնական բանախոսներն էին իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Աթանասիոս Կավվադասը և հիմնական ընդդիմադիր «Սիրիզա» կուսակցության պատգամավոր Աթանասիոս (Նասոս) Եվֆիմիու Աթանասիոսը:
Համաձայնագրին կողմ էին արտահայտվել իշխող «Նոր ժողովրդավարություն», հիմնական ընդդիմադիր «Սիրիզա», «Փոփոխության Շարժում» (Կինիմա Ալաղիս), «Հունական լուծում» (Էլլինիկի Լիսի) և «Մերա 25 » կուսակցությունները:
Դեմ էր արտահայտվել Կոմունիստական կուսակցությունը:
Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին՝ Բրյուսելում: Այդ փաստաթղթի դրույթների գրեթե 80 տոկոսը հունիսի 1-ից մտավ ժամանակավոր կիրարկման փուլ։ Սակայն որպեսզի հնարավոր լինի կիրարկել համաձայնագիրն ամբողջությամբ, ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից համաձայնագրի վավերացման կամ դրա ուժի մեջ մտնելու համար, անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը պետք է ավարտին հասցվեն։