Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիան Թուրքիայի սեփականությունն է, և ոչ ոք չի կարող խառնվել երկրի ինքնիշխան իրավական գործերին, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյին՝ արձագանքելով ԵՄ քննադատությանը՝ կապված տաճարի կարգավիճակը թանգարանից մզկիթի վերածելու որոշման հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ Եվրամիության բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը կոչ է արել անհապաղ վերանայել Սբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի կառավարության որոշումը՝ նշելով, որ ԵԽ-ն դատապարտում է այն։ Բորելը հավելել է նաև, որ ԵՄ ատրգործնախարարները համակարծիք են և աջակցում են տաճարը մզկիթի վերածելու որոշումը չեղարկելու իրենց կոչին։
«Սբ Սոֆիան Թուրքիայի սեփականությունն է, որի հետ կապված ցանկացած նախագիծ, ներառյալ նրա կարգավիճակը փոխելը, բացառապես Թուրքիայի իրավասության տիրույթում է: Ոչ ոք չի կարող խառնվել մեր ինքնիշխան իրավական գործերին»,- ասվում է տարածված տեքստում:
Աքսոյը նաև հավաստիացրել է, որ նոր կարգավիճակի շնորհիվ մզկիթը բաց կլինի բոլոր կրոնների ներկայացուցիչ հանդիսացող այցելուների համար և նշել, որ «Սբ Սոֆիայի ներսում աշխատանքը չի խոչընդոտելու Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում դրա պահպանմանը»։
Ավելի վաղ Թուրքիայի կառավարության որոշումը քննադատել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ն։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 10-ին ստորագրել է երկրի Գերագույն խորհրդի կայացրած որոշումը՝ Սբ Սոֆիա տաճարը թանգարանից մզկիթի վերածելու։
Տաճարն ուներ թանգարանի կարգավիճակ, որը ստացել էր 1934-ին։ Նախկինում Թուրքիան նույնպես փորձել է քրիստոնեական տաճարն իսլամական սրբատեղի դարձնել։ Դեռ 2005-ին այն ձախողվել էր Թուրքիայի Պետական խորհրդի որոշմամբ։