30 հուլիսի 2020 - 17:41 AMT
Ամերիկահայ բարերարը $250,000 կփոխանցի «Իմ քայլին»՝ զինծառայողների համար

Ամերիկահայ գործարար, PMA Venture Capital խմբի հիմնադիր, բարերար Ջորջ Բաղումյանը $250,000 կփոխանցի «Իմ քայլը» հիմնադրամին՝ ՀՀ զինծառայողների համար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետի տիկին, հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանը։

Բարերան այդ մտադրության մասին հայտնել է հուլիսի 15-ին, երբ հայ-ադրբեջանական պետական սահմանին լարվածության շրջան էր։

«Ցանկացած այլ օր, այս նախադասությունները կընկալվեին որպես հերթական բարեգործություն, գնահատելի նախաձեռնություն: Սակայն այդ պահին դրանք անգնահատելի էին, որովհետև ոչ այնքան ֆինանսական նշանակություն ունեին, որքան բարոյահոգեբանական: Չեք պատկերացնի, թե որքան կարևոր է նման պահի թիկունքին ուժ, հենարան, աջակցություն զգալը»,- ասվում է գրառման մեջ։

«Իմ քայլը» հիմնադրամում այժմ քննարկում են, թե կոնկրետ ինչ ուղղություն ընտրել այդ գումարը զինվորներին և սպաներին հասցնելու համար:

Հուլիսի 12-16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց հետևանքով 5 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-21-ը սահմանին հարաբերական հանգիստ վիճակ է եղել։ Հուլիսի 21-ին Ադրբեջանը գրոհել է հայկական «Անվախ» դիրքի վրա և ետ շպրտվել։ Հուլիսի 22-ից հարաբերական կայուն վիճակը վերականգնվել է։