Մնացականյանը՝ Ադրբեջանի ԱԳ նախարարին․ Պատրաստ եմ աշխատել «համաչափ պատասխանատվություն» կրող յուրաքանչյուրի հետ

Մնացականյանը՝ Ադրբեջանի ԱԳ նախարարին․ Պատրաստ եմ աշխատել «համաչափ պատասխանատվություն» կրող յուրաքանչյուրի հետ

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պատրաստ է աշխատել համաչափ պատասխանատվություն կրող յուրաքանչյուր անձի հետ և դեռ առիթ չի ունեցել հանդիպելու Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին: Այս մասին նա ասել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդմանը։

«Պատրաստ եմ աշխատել յուրաքանչյուրի հետ, իհարկե, համաչափ պատասխանատվություն կրող անձի, արտաքին գործերի նախարարի հետ՝ այս գործընթացն առաջ տանելու համար, անկախ նրանից, թե ով է այդ անձը: Բնականաբար, ակնկալում եմ, որ գործ կունենամ կառուցողական և պատասխանատու մեկի հետ, որի հետ ես կսկսեմ աշխատել»,–ասել է Մնացականյանը։

Նախարարը հիշեցրել է, որ Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հունվարի վերջին տեղի ունեցած հանդիպման ժամանակ բոլոր ուղղություններով ունեցել են բավական երկար, բովանդակալից և խորքային աշխատանք։ Մնացականյանի խոսքով՝ հունվարին կայացած հանդիպումից հետո պետք է անցնեին հաջորդ փուլերին, որին Հայաստանը բացարձակապես պատրաստ էր։

Նախարարը ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանին որպես հարմար թշնամի օգտագործելն անընդունելի և անարդյունավետ է և շատ ավելի օգտակար կլինի, եթե Ադրբեջանը կարողանա առանց Հայաստանին որպես հարմար թշնամի օգտագործելու անդրադառնա իր ներքին հարցերին։

Հուլիսի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքից ազատել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին։ Նրան փոխարինել էր կրթության նախարար Ջեյհուն Բայրամովը։

 Ուշագրավ
Վարչապետը հանդիպել է Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ
Նալբանդյանն ավելի վաղ համաձայնել էր տեսակապով զրուցելուն
Ըստ ԼՀԿ-ի՝ միջադեպը և դրան հաջորդած մեկնաբանությունները վկայում են կառավարող թիմի անհանդուրժողականության մասին
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն իրենց անունից ներողություն է խնդրել միջադեպի համար