Իսրայելը բուժում է առաջարկել տուժած բեյրութցիներին․ Լիբանանը հրաժարվել է

Իսրայելը բուժում է առաջարկել տուժած բեյրութցիներին․ Լիբանանը հրաժարվել է

PanARMENIAN.Net - Բեյրութում հզոր և ավերիչ պայթյուններից հետո Իսրայելի հյուսիսում գտվող հիվանդանոցն իր օգնությունն է առաջարկել տուժածներին բուժելու գործում։ Նագարիի բուժկենտրոնի տնօրեն Մասադ Բարհումը բանակային ռադիոյով հայտարարել է, որ հիվանդանոցում պատրաստ են բուժել յուրաքանչյուրին։

«Մենք ցանկանում ենք միայն օգնության ձեռք մեկնել»,- ասել է Բարհումն արաբերեն։

Ավելի վաղ Իսրայելը, որը դիվանագիտական հարաբերություններ չունի Լիբանանի հետ, իր օգնությունն էր առաջարկել հարևան երկրին։ Նախագահ Ռեուվեն Ռիվլինը ցավակցություն էր հայտնել լիբանանցիներին Twitter-ում, իսկ վարչապետ Բինյամին Նեթանյահուն հանձնարարել ԱԱԽ ղեկավարին քննարկել ՄԱԿ հատուկ համակարգողի հետ Լիբանանին օգնություն ցուցաբերելու ուղիները, գրում է Deutsche Welle-ն։

Լիբանանը, սակայն, մերժել է Իսրայելի առաջարկը։

Կառավարության ներկայացուցիչները հայտարարել են, որ «ոչ մի օգնություն չեն ընդունի թշնամական պետությունից»։

Իսրայելն ու Լիբանանը պաշտոնապես պատերազմական վիճակում են գտնվում։ Լիբանանցիներին արգելված են բոլոր շփումները Իսրայելի հետ։ Պետական սահմանին պարբերաբար լարվածություն է առաջանում իսրայելյան բանակի և լիբանանցի շիաների «Հեզբոլլահ» կազմավորման միջև։

Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։Բեյրութն աղետի գոտի է հայտարարվել։ Երկրի վարչապետ Հասան Դիաբն օգնություն է խնդրել բարեկամ պետություններից։

Photo. AP
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---