17 օգոստոսի 2020 - 18:25 AMT
ԱՀԿ-ն մտահոգված է Covid-19-ի ընթացքի վրա օդի աղտոտվածության ազդեցությամբ

Օդի աղտոտվածությունն արագացնում է թոքերի քրոնիկ հիվանդությունների ընթացքը և կարող է ազդել Covid-19-ովհիվանդների ծանրության աստիճանի վրա։ Այդ մասին հայտարարել է ԱՀԿ շրջակա միջավայրի, կլիմայի և առողջապահության դեպարտամենտի տնօրեն Մարիա Նեյրան։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրական ծառայությունը հետազոտություն էր հրապարակել, որի համաձայն կորոնավիրուսով պացիենտի մահվան ռիսկն աղտոտված օդի տևական ազդեցության դեպքում կարող է 7%-ով բարձր լինել, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ակնհայտ է, որ եթե ձեր թոքերն արդեն վնասված են և խոցելի, աճում է նաև հիվանդության ավելի ծանր ընթացքի հավանականությունը, քանի որ նվազ պաշտպանված եք։ Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ օդի աղտոտվածությունը հավելյալ ռիսկ է ցանկացած վիրուսային հիվանդության դեպքում»,- ասել է ԱՀԿ ներկայացուցիչ Մարիա Նեյրան։

ԱՀԿ ներկայացուցիչը կարևորել է օդի աղտոտվածության դեմ պայքարը՝ որպես կարանտինայի միջոցի անսպասելի դրական արդյունք նշելով օդի որակի բարելավումը։

Օգոստոսի 17-ի դրությամբ աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսի 21,684,349 դեպք, մահացել է 775,489, առողջացել՝ 13,678,618 մարդ։