«Լիդիան Արմենիան» հայց է ներկայացրել պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ

«Լիդիան Արմենիան» հայց է ներկայացրել պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ

PanARMENIAN.Net - «Լիդիան Արմենիան» զրպարտության համար հայցադիմում է ներկայացրել Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ` վերջինիս կողմից հարցազրույցի ընթացքում «Լիդիանի» Ամուլսարի ծրագրի վերաբերյալ արտահայտությունների համար։

Բաբաջանյանը, Ամուլսարի ծրագրի մասին խոսելիս, մասնավորապես, «կոռուպցիոն և հանցավոր ճանապարհով ձեռք բերված թույլտվություններ», «նախկին կոռուպցիոն շղթաներով ամբողջությամբ կազմակերպած այդ հանցավոր գործարքը՝ Ամուլսարի, Լիդիանի» և նման արտահայտություններ է հնչեցրել։

Ընկերության որակմամբ՝ ընդգծված արտահայտությունները զրպարտություն են, ոչ մի աղերս չունեն իրականության հետ և նպատակ ունեն արատավորելու ընկերության գործարար համբավը:

Ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ նման հայտարարությունները ոչ միայն չեն ապացուցվել ավելի քան երկու տարվա ընթացքում, այլև առանձին դեպքերում դատարանի կողմից արդեն իսկ որակվել են որպես զրպարտություն։

«Արման Բաբաջանյանի պարագայում նման անպատասխանատու հայտարարությունների փաստն առավել մտահոգիչ է, քանի որ խոսքը ոչ թե ակտիվիստի կամ ցուցարարի մասին է, այլ ՀՀ օրենսդիր իշխանությունը ներկայացնող և օրինաստեղծ գործունեությամբ զբաղվող ԱԺ պատգամավորի»,- ասվում է հայտարարության մեջ։

Ամուլսարի հանք տանող ճանապարհն արգելափակվել է 2018-ի հունիսից: Մինչ օրս «Ամուլսարի պահապանները» հերթապահում են հանքի մատույցներում՝ թույլ չտալով հանքի շահագործումը։ ՀՀ կառավարության պետական բյուջեից մոտ $370,000 գումար հատկացրել էր միջազգային ELARD ընկերությանը, որը պետք է փորձաքննություն անցկացներ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ։ Ընկերությունը եկել էր եզրակացության, որ հանքի «ճիշտ» շահագործման դեպքում ՝ բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---