Արցախի թեմի առաջնորդ տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հայ ժողովորդին խիզախության միասնության, ամրության և անկոտրունության կոչ է հղել՝ նշելով, որ ժամանակն է ևս մեկ անգամ ապացուցելու, որ հայ ժողովրդի միասնականությունը անպարտելի ուժ է։
«Դիմում եմ հայ ժողովրդին,
Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում լինել միասնական, ամուր, անկոտրուն։ Այս անգամ ևս ապացուցենք , որ մեր միասնականությունը անպարտելի ուժ է։
Դիմում եմ Արցախի ժողովրդին,
Սիրելի արցախցիներ, սիրելի զավակներ իմ, եղեք ամուր, զորեղ, խոհեմ ու խիզախ։ Ձեր ոգին ամրացրեք և հզորացրեք անկոտրուն ուժով և միասնակամությամբ։
Կոչ եմ անում աղոթել մեր երկրի անվտանգության, հաղթանակի և ապահովության համար։
Դիմում եմ մեր բոլոր հավատացյալ զավակներին,
Ստեղծել աղոթքի միահամուռ շղթա և երկու ժամը մեկ աղոթք անել և զորավիգ լինել մեր բանակին։
Աստված մեզ պահապան, զորավիգ և օգնական», - ասված է կոչում։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ, 3 տանկ, 4 անօդաչու թռչող սարք, որոնցից 1-ը՝ Տավուշում։
ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայտնել է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ: Այս պահին ՊԲ ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը: