Արցախի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանը միասնական աղոթքի կոչով դիմել է համայն հայությանը։
«Ժամը 18:00-ին խնդրում եմ աշխարհի բոլոր հայերին միասնական աղոթքով միանալ՝ ի զորակցություն մեր բանակի: Աղոթում ենք մեր հաջողության, հաղթանակի ու խաղաղության համար: Ամուր եղեք, մեր գործն արդար է, և Աստված միշտ արդարների կողմն է լինում»,- ասել է նա:
Սրբազանն ասել է նաև, որ այսօր ստիպված ենք մեր գոյապայքարը, մարտը տալ՝ հանուն կյանքի ու խաղաղության:
«Կամենում եմ, որ բոլորդ խոր հավատով, արիական ոգով դառնաք մեկ բռունցք, մեկ միտք, մեկ կամք, ու ամեն ինչով աջակցեք Հայրենիքին ու արցախահայությանը... Մասիս սարի պես պետք է լինենք կայուն ու անսասան»,- ասել է նա:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։