3 հոկտեմբերի 2020 - 15:00 AMT
ԱԱԾ․ «Մուրացանի» մոտ ոչ թե ադրբեջանցիներ են եղել, այլ ուզբեկ և տաջիկ

Ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մոտակայքում 2 ադրբեջանցու ներկայության մասին հոկտեմբերի 2-ի երեկոյան տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Հրատապ կերպով հայտնաբերվել են քաղաքացիների կողմից նկատված երկու օտարերկրացին: Պարզվել է, որ նրանք Ուզբեկստանի և Տաջիկստանի քաղաքացիներ են։

Համապատասխան պարզաբանումների ընթացքում նշված անձանց՝ հակառակորդի հետ կապ ունենալու, տեղի ունեցող հակամարտությանն առնչվելու վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել:

Պարզվել է, որ նրանք դեռևս 2020-ի մարտ ամսից հանգամանքների բերումով և ժամանակավորապես գտնվում են Հայաստանում, զբաղվում են բանվորական աշխատանքով, վարձակալական հիմունքներով բնակվում են Երևանում, իսկ ՀՀ-ից նրանց մեկնումը հետաձգվել է՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակի տարածման սահմանափակումներով:

ԱԱԾ-ն երախտագիտությունն է հայտնում քաղաքացիների կողմից ցուցաբերվող զգոնության համար և հորդորում, որ կասկածելի անձանց ու երևույթներ նկատելու դեպքում առաջնային կերպով հայտնեն պատկան մարմիններին:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։