ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ հստակ մտադրություն չունի բանակցելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ղարաբաղյան հակամարտության թեմայով։ Այդ մասին հայտարարել է, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, սակայն, որ պատերազմ է ընթանում և իրադարձությունները շատ արագ են զարգանում, ուստի դժվար է կանխագուշակել։
«Եթե դա անհրաժեշտ համարվի, անկասկած, նախագահ Պուտինը, կքննարկի այդ հարցն իր պաշտոնակիցների հետ»,- հայտարարել է Պեսկովը լրագրողներին, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ճշտող հարցին, թե, հնարավոր է, նման բանակցություններ լինեն այս շաբաթվա ընթացքում՝ Պեսկովն ասել է․ «Դեռևս նման հստակ մտադրություն չկա»։
«Բայց գիտեք՝ խոսքը պատերազմի մասին է։ Եվ, անշուշտ, իրավիճակը Ղարաբաղում շատ արագ է զարգանում, ուստի դժվար է կանխագուշակել։ Կախված այն բանից, թե ինչպես կզարգանան հանգամանքները, կձևավորվի նաև երկխոսության պահանջը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։