ՀՀ-ն և Ադրբեջանը պայմանավորվել են դադարեցնել կրակը և շարունակել բանակցությունները

ՀՀ-ն և Ադրբեջանը պայմանավորվել են դադարեցնել կրակը և շարունակել բանակցությունները

PanARMENIAN.Net - ՀՀ-ն և Ադրբեջանը պայմանավորվել են հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։

Մոսկվայում ավարտվել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի մակարդակով Լեռնային Ղարաբաղում հրադադարի շուրջ մոտ 11 ժամ տևած խորհրդակցությունները։ Բանակցություններն անցել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ։ Ավարտին կողմերը հանդես են եկել հայտարարությամբ։

Հայտարարության մեջ, որի տեքստը հրապարակել է ՀՀ ԱԳՆ-ն, մասնավորպես ասվում է․

«Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի ուղերձի և համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ.

1. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։

2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։

3.Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։

4.Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը»։

Բանակցությունների ընթացքում ռազմական գործողությունները շարունակվել են, իսկ Ադրբեջանի Զինված ուժերը հրթիռակոծել են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։

Մոսկվայում ավարտված խորհրդակցությունների օրակարգում էին բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 9-ի կեսգիշերին կոչ էր արել դադարեցնել Ղարաբաղում ընթացող մարտական գործողությունները՝ գերիներին և զոհվածների մարմինները փոխանակելու նպատակով: Նա նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրել էր ՌԴ՝ այդ հարցերով խորհրդակցությունների։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---