12 հոկտեմբերի 2020 - 10:02 AMT
Վարչապետը լուսանկարներ է հրապարակել․ Լոս Անջելեսի հայությունը՝ Արցախի թիկունքին

Լոս Անջելեսում հայերը կրկին դուրս են եկել բողոքի ցույցի՝ դատապարտելով թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի դեմ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել բազմահազարանոց հավաքից։

«Լոս Անջելեսի հայությունը՝ Արցախի թիկունքին»,-գրել է նա։

Ըստ Լոս Անջելեսի ոստիկանության տվյալների, երթին մոտ 100,000 մարդ է մասնակցել։ ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը ևս մասնակցել է Լոս Անջելեսի ցույցին։ Այդ մասին կոնգրեսականը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։

«Այսօր ես պատիվ եմ ունեցել իմ զորակցությունը հայտնելու Լոս Անջելեսում երթի հազարավոր մասնակիցներին, որոնք հավաքվել էին դատապարտելու ադրբեջանական և թուրքական ագրեսիան ընդդեմ Արցախի և Հայաստանի»,-գրել է կոնգրեսականը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Լոս Անջելեսից Երևան է հասել Արցախի համար հավաքված 20 տոննա հումանիտար օգնությունը։

ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ հանդիպմանը պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։ Հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին կրակի դադարի հրաման էր տրվել, սակայն, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ և թիվերսիոն ներթափանցման փորձ ձեռնարկել՝ սպանելով մորն ու նրա հաշմանդամ որդուն, ինչպես նաև 2 այլ քաղաքացիական անձի։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։