Առաջնագծի տարբեր ուղղություններով թշնամու առաջապահ ստորաբաժանումները կրկին անցել են նախահարձակ գործողությունների: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Պաշտպանության բանակը դրանք կասեցնելու համար համարժեք քայլեր է իրականացնում»,- գրել է նա:
Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ Հադրութի հատվածում լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են: Նա նշել էր, որ թշնամին, մեծաքանակ ուժեր կենտրոնացնելով այդ ուղղությամբ, ամեն կերպ փորձում է ներխուժել քաղաք, իսկ Պաշտպանության բանակը ամեն թիզ հողի համար ծանր մարտեր է մղում։
ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ հանդիպմանը պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։ Հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին կրակի դադարի հրաման էր տրվել, սակայն, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ և թիվերսիոն ներթափանցման փորձ ձեռնարկել՝ սպանելով մորն ու նրա հաշմանդամ որդուն, ինչպես նաև 2 այլ քաղաքացիական անձի։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։