19 փետրվարի 2009 - 11:35 AMT
Հինգ տարի է անցել հայ սպա Գուրգեն Մարգարյանի վայրագ սպանությունից
Այսօր լրանում է Բուդապեշտում Հայաստանի ԶՈՒ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության 5-րդ տարին: Մարդասպանը` Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարեց Գուրգենին, երբ նա քնած էր: Երկուսն էլ գտնվում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերենի դասընթացներին:
Ինքը Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես բացատրեց. «Ես ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել...Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, եւ այստեղ ես իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաեւ երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում դեռ բարեւում էինք, այսինքն նրանք էին բարեւում, սակայն ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով եւ ժպտացին մեր երեսին: Այդ պահին ես որոշեցի սպանել նրանց, այսինքն լուսադեմին կտրել նրանց գլուխները»:
2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտեց Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007թ. փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ թողեց:
Այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայական կազմը կայցելեն Եռաբլուր պանթեոն, որտեղ ծաղկեպսակ կդնեն հայ սպա Գուրգեն Մարգարյանի շիրիմին: