Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 13-ին այցելել է Ասկերանի շրջկենտրոն և շրջանային ղեկավարության հետ քննարկել պատերազմական գործողություններին աշխարհազորայինների մասնակցության հարցերը:
Հարությունյանը տեղեկացրել է, որ Ասկերանի օրինակով Հանրապետության բոլոր շրջաններում իրականացվում է աշխարհազորայիններից կազմված ջոկատների ստեղծման գործընթացը:
«Առաջիկա ժամերի և օրերի ընթացքում Պաշտպանության բանակը կհամալրվի պատերազմի և զինվորական արհեստավարժ ծառայության հարուստ փորձ ու գիտելիքներ ունեցող մեր քաղաքացիներով, որոնց մասնակցությունը, համոզված եմ, էականորեն նպաստելու է մարտի դաշտում իրականացվող մեր զորքերի գործողությունների արդյունավետության բարձրացմանը»,-հայտարարել է նա։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։