Հոկտեմբերի 23-ին աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ, փոխանցում են ԱԳՆ-ից:
Կողմերը վերահաստատել են ռազմական գործողությունների դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման և վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի անհապաղ հաստատումը:
Նախարար Մնացականյանը խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից՝ հոկտեմբերի 10-ին և 17-ին կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունների տապալման առնչությամբ և ընդգծել, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի նկրտումները մարտահրավեր են ամբողջ տարածաշրջանի համար։
Ընդգծվել է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։