Ադրբեջանի իշխանությունները որևէ նպատակ չունեն խաղաղ երկխոսությունը վերսկսելու և բացահայտ կերպով հասկացնել են տալիս, որ շարունակելու են ռազմական ջանքերը Արցախի վերջնական հայաթափման ուղղությամբ, հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հիշեցնելով, որ ադբեջանական կողմն ունի Թուրքիայի իշխանությունների անվերապահ հովանավորությունը և վարձկան-ահաբեկիչների աջակցությունը։
Նա հայտնել է, թե հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների գործադրած ջանքերին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է անտեսել և խախտել բոլոր պայմանավորվածությունները:
«Մեր համազգային խնդիրն է պայքարել հանուն սեփական հայրենիքում արցախահայության անվտանգ ու արժանապատիվ գոյության: Մեր ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները որևէ զիջման ենթակա չեն, և այդ հարցում մեր վճռականությունը վեր է բոլոր տեսակի հանգամանքներից ու ցանկություններից»,-նշել է Հարությունյանը։
Ադրբեջանական կողմը պատերազմի ընթացքում հումանիստական հրադադարի արդեն 3 պայմանավորվածություն է խախտել՝ պաշտոնական Մոսկվայի, Փարիզի ու Վաշինգտոնի միջնորդությունները։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։