1 նոյեմբերի 2020 - 12:08 AMT
Վարչապետի խորհրդական. ԼՂ-ում սկանդինավյան խաղաղապահների տեղակայումն անհավանական է

ՀՀ վարչապետի խորհրդական Վաղարշակ Հարությունյանն իրականացման տեսանկյունից անհավանական է որակել ԼՂ-ում սկանդինավյան խաղաղապահ ուժեր ուղարկելու միտքը։

Հանրային հեռուստաընկերության եթերում Հարությունյանն այն անվանել է պարզապես առաջարկ։ Նրա խոսքով` այլ պետությունների համար խաղաղապահներ տեղակայելու կազմը և ձևաչափը կարևոր խնդիր են, քանի որ դրանց միջոցով տարբեր երկրների շահեր են առաջ տարվում։

Ըստ խորհրդականի` ՀՀ համար ընդունելի տարբերակ է ռուս խաղաղապահների տեղակայումը, ինչին, սակայն, դեմ է հակամարտող կողմ Ադրբեջանը։

Հոկտեմբերի 30-ին Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը հայտարարել էր, ոը Ամերիկայի Միացյալ Նահանգներն առաջարկում է ղարաբաղյան հակամարտության գոտում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայել:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։