23 փետրվարի 2009 - 18:34 AMT
Հայաստանի մշակույթի նախարարությունը պարգեւատրել է «Արվեստների երախտավոր» բարձրագույն պարգեւով
Հայաստանի Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հրաման է ստորագրել «Արվեստների երախտավոր» բարձրագույն պարգեւի արժանացման մասին: 2009թ. «Արվեստների երախտավոր» տիտղոսին արժանացան ութ արվեստի գործիչներ: Առաջին երկու պարգեւներին արժանացան թատերական գործիչները: Նրանք էին ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը, որը պարգեւատրվեց Հայաստանի արվեստի մեջ ներդրած բազմամյա ավանդի համար, եւ Հայաստանի Արվեստի վաստակավոր գործիչ, գրող Պերճ Զեյթունցյանը, որը պարգեւատրվեց հայ արվեստի եւ գրականության մեջ ներդրած բազմամյա ավանդի համար:

«Մեր մրցանակը ժողովրդական բնույթ ունի, քանի որ բոլորը, ում մենք այս տարի կարժանացնենք «Արվեստների երախտավոր» տիտղոսին, մեր ազգային հպարտությունն են»,- հայտնել է Հասմիկ Պողոսյանը եւ ավելացրել,- ոչ մեկի մտքով չի անցնի, որ այդ անձինք արժանի չեն այդ կոչմանը»:

«Մեծ պատիվ է նման պարգեւ ստանալը: Ցավոք, այսօր ես ազդեցություն չունեմ հասարակության վրա, բայց ես ցանկանում եմ երիտասարդությանը կոչ անել, որպեսզի նրանք հիշեն իրենց արմատների մասին եւ այն մասին, թե ով են իրենք»,- պարգեւատրման արարողության ժամանակ ասել է Սոս Սարգսյանը: Կտրուկ քննադատության ենթարկելով ժամանակակից հայկական հեռուստասերիալները` դերասանը հայտնել է, որ դրանք ազգն ինքնաոչնչացման են տանում, «քանի որ մենք կորցնում ենք մեր արմատները, իսկ առանց արմատների ոչինչ չի կարող աճել»:

Մոսկովյան «Հայ մշակույթի զարգացման ֆոնդի» նախագահ Մեցցո Իգիթյանն իր հերթին Սոս Սարգսյանին եւ Պերճ Զեյթունցյանին հոգեւոր ժառանգության բազմապատկման եւ հայ մշակույթի մեջ ներդրած ակնառու ավանդի համար պարգեւատրեց ֆոնդի բարձրագույն պարգեւներով` «Կարոտ» մրցանակով եւ քանդակագործ Ֆրիդ Սողոյանի աշխատանքը հանդիսացող բրոնզե արձանիկներով: