Ադրբեջանական հարձակումներն Արցախի ու Հայաստանի բնակչության նկատմամբ շարունակվում են ուղեկցվել էթնիկ հայերի նկատմամբ մեծ ծավալի ատելության խոսքով, մի շարք երկրներում հայատյացության հիմքով ակցիաներ են իրականացվում էթնիկ հայերի դեմ: Այդ մասին հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսի հետ հանդիպմանը։
«Խաղաղ բնակչությանը թիրախավորելն ու նրանց նկատմամբ արգելված զինատեսակներ կիրառելը, վարձկան ահաբեկիչների ներգրավումը, հայատյացությունն ու ադրբեջանական զինված ուժերի վայրագություններն ու անմարդկային վերաբերմունքը վկայում են, որ խնդիր է դրված Արցախում իրականացնել էթնիկ զտում ահաբեկչական մեթոդներով»,- նշել է ՄԻՊ-ը։
Պաշտպանը դեսպանին տեղեկացրել է, որ Հայաստանի բնակչության շրջանում կա 3 սպանված և 4 վիրավոր, ինչպես նաև վնասված տներ։
Ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի տվյալների՝ քաղաքացիական բնակչության շրջանում Արցախում կա առնվազն 46 սպանված և ավելի քան 144 վիրավոր:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։