Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում այս պահին չի նախատեսվում, հայտարարել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Չեմ կարող ասել, որ այս պահին Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված է։ Երբ կնախատեսվի, բնականաբար, կհայտարարենք»,- ասել է նախարարը, փոխանցում է Aysor.am-ը։
Մնացականյանի խոսքով՝ նույնը վերաբերում է նաև երկու երկրի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։
Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ հանդիպել են 2020-ի փետրվարին՝ Մյունխենում։ Դրանից հետո նրանք ԼՂ հարցով հանդիպում-քննարկման էին մասնակցել։ Հոկտեմբերի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտարարել էին, թե համաձայն են մեկնել Մոսկվա՝ դեմ առ դեմ հանդիպման։ Նման հանդիպում առայժմ չի կայացել։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։