ՀՀ և Արցախի ՄԻՊ-ը զեկույց են հրապարակել Ադրբեջանի` ֆոսֆորային զինատեսակ կիրառելու մասին

ՀՀ և Արցախի ՄԻՊ-ը զեկույց են հրապարակել Ադրբեջանի` ֆոսֆորային զինատեսակ կիրառելու մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են համատեղ զեկույց Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախում հրկիզող, քիմիական տարրեր պարունակող (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) զանգվածային ոչնչացման զինատեսակ կիրառելու վերաբերյալ:

Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` նշելով, որ դրանում կան քաղաքացիական բնակիչների մարմինների վնասվածքների 18+ լուսանկարներ, քարտեզային ցուցադրող պատկերներ։ Բացի այդ, ներառված են նաև առանձին հետևություններ` հիմնված Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ռազմաբժշկական ֆակուլտետի հետազոտությունների վրա:

Հրկիզող զինատեսակն օգտագործվել է Արցախի քաղաքացիական օբյեկտների և անտառների դեմ՝ առաջացնելով երկարաժամկետ ծանր հետևանքներ խաղաղ բնակչության և շրջակա միջավայրի համար:

Զանգվածային ոչնչացման հրկիզող զինատեսակի կիրառման շատ դեպքերում (Ննգի, Սղնախ, Ակնաղբյուր, Թաղավարդ, Տող, Քարին Տակ և այլ համայնքներում) անտառները գտնվում են բնակավայրերին անմիջականորեն մոտ. օրինակ` անգամ 100 մետր հեռավորությամբ:

Հետևաբար, խոսքը նաև քաղաքացիական բնակչության կյանքի և առողջության համար անխուսափելի երկարաժամկետ վնասի մասին է:

Պարզվել է, որ Արցախի գրեթե բոլոր շրջաններում վնասվել է ընդհանուր մոտ 1815 հեկտար անտառապատ տարածք:

Նշվում է, որ զինատեսակի առանձնահատկություններով պայմանավորված այս թիվը կարող է աճել նույնիսկ, եթե այն այլևս չշարունակվի կիրառվել:

Որոշ քաղաքացիական բնակավայրերում (Ննգի, Տաղավարդ, Ակնաղբյուր և այլն) ավերածություններ են պատճառվել քաղաքացիական բնակչության համար կենսական նշանակություն ունեցող օբյեկտներին (օրինակ՝ գազամատակարարման խողովակներ և այլն)։

Այս արտահերթ զեկույցը վերհանել է առնվազն հետևյալ փաստերը.

• անկախ կիրառված զինատեսակի քիմիական տարրերի կոնկրետ տեսակներից. կիրառված զինատեսակն ունի զանգվածային ոչնչացման բնույթ, այն պարունակում է քիմիական տարրեր,

• զինատեսակը կիրառվում է անտառների նկատմամբ և առաջացնում է զանգվածային հրդեհներ ու երկարաժամկետ ծանր վնաս շրջակա միջավայրի համար,

• այս զինատեսակի առաջացրած հրդեհը չի մարում անգամ այն մարող նյութերով կամ ջրով՝ ըստ մասնագիտական գնահատականների,

• անտառները, որոնց նկատմամբ կիրառվել են այս նյութերը, գտնվում են քաղաքացիական բնակավայրերն անմիջականորեն մոտ,

• ըստ փաստահավաք աշխատանքների՝ անտառներում ադրբեջանական զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչներ, որոնք հավանաբար տուժել են այս զինատեսակի կիրառումից,

• այս զինատեսակի օգտագործումը քաղաքացիական օբյեկտների դեմ արգելված է միջազգային իրավունքով և կարող է հանգեցնել պատերազմական հանցագործության:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---