23 փետրվարի 2009 - 22:48 AMT
ԵՄ-ն կլուծի վեց հետխորհրդային երկրների բնապահպանական խնդիրները
Եվրամիությունը նոր ծրագիր է առաջարկում վեց հետխորհրդային երկրներին` Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին, Մոլդովային, Ռուսաստանին ու Ուկրաինային, որն ուղղված կլինի այդ երկրներում բնապահպանական խնդիրների լուծմանը: Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների հստակեցման եւ համապատասխան նախագծերի իրականացման համար Եվրահանձնաժողովը մտադիր է տասնյակ միլիոնավոր եվրո հատկացնել: Ծրագիրը մեկնարկում է 2010 թվականին եւ կտեւի մինչեւ 2013 թվականը: ԵՄ-ն արդեն հանձնարարել է խորհրդակցություններ անցկացնել, վերանայելու համար այդ երկրներում իրականացված բնապահպանական ծրագրերը եւ հանձնարարականներ ներկայացնել 2010-2013թթ. հետագա աշխատանքի համար Եվրոպական հարեւանության եւ քաղաքականության շրջանակներում:
«Այդ վեց հետխորհրդային երկրների բնապահպանությունը սաստիկ տուժել է կենտրոնացված տնտեսության եւ ծանր արդյունաբերության պատճառով: Այդ երկրների կառավարությունները բավարար ուշադրություն չեն դարձրել այնպիսի բնապահպանական խնդիրների վրա, ինչպիսիք են ջրի եւ օդի աղտոտումը»,-հայտարարել է ծրագքրի մենեջեր Քրիստինա Պելեգրինոն: Նա նաեւ նշել է, որ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայում, Ռուսաստանում եւ Ուկրաինայում մաքուր խմելու ջրի պակաս է զգացվում եւ գրանվցած է մթնոլորտ վտանգավոր արտանետումների բարձր մակարդակ, հաղորդում է yourrenwablenews.com-ը: