ԳԱԱ. Անհապաղ հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը

ԳԱԱ. Անհապաղ հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը

PanARMENIAN.Net - Գիտությունների ազգային ակադեմիան հորդորում է անհապաղ հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծն ԱԺ-ից։

ԳԱԱ հայտարարության մեջ նշվում է, որ ՀՀ կառավարությունն իր 03․12․2020թ․ նիստի օրակարգում անհիմն, առանց օրենսդրորեն նախատեսված քննարկումների, որպես անհետաձգելի և չզեկուցվող հարց ընդգրկեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը և հավանություն տվեց՝ այն ուղարկելով ՀՀ Ազգային ժողով հրատապության կարգով քննարկելու և ընդունելու առաջարկությամբ:

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը լայնորեն քննարկվել է ԳԱԱ գիտական կազմակերպությունների կոլեկտիվների ժողովներում, ԳԱԱ տնօրենների խորհրդում, ԳԱԱ անդամների ժողովում: Բազմաթիվ սկզբունքային առաջարկություններ և դիտողություններ պարբերաբար ներկայացվել են ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարություն, որոնք հիմնականում չեն ընդունվել, նույնիսկ ներկայացված ամփոփագրերում զարմանալիորեն արտացոլված չեն:

Ներկայացված օրենքի նախագծով կազմաքանդվում է ՀՀ գիտությունների ակադեմիական համակարգը, և վտանգի տակ է դրվում հիմնարար գիտությունների զարգացումը: Վերացվում են Սահմանադրությամբ և տարբեր օրենքներով նախատեսված բուհական և գիտական ինքնավարությունը, ակադեմիական ազատությունները, խախտվում են կրթության, գիտության հիմնական շահառուների իրավունքներն ու օրինական շահերը»,-ասվում է հայտարարության մեջ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ ԳԱԱ-ն պահանջում է.

1. անհապաղ հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովից

2. շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կազմակերպել քննարկումներ բարձրագույն կրթության և գիտության զարգացումն ապահովող հայեցակարգային դրույթների և օրենքների նախագծերի մշակման համար»։

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին որոշումը կառավարությունը կայացրել է դեկտեմբերի 3-ի նիստում։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, թե այն «արտացոլում է բարձրագույն կրթության ու գիտության միջազգայնացմանն ուղղված ներկա միտումները, Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում և Եվրոպական հետազոտական տարածքում ինտեգրումը սերտացնելու, բարձրագույն կրթության, գիտության և տնտեսության համակարգված փոխկապակցվածության, գիտահետազոտական ու նորարարական գործունեության և կրթական համակարգի արդյունավետ փոխգործակցության, բարձրագույն կրթության և գիտության ֆինանսավորման արդյունավետության և գիտական ոլորտում ներդրումների խրախուսման անհրաժեշտությունը»։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---