8 դեկտեմբերի 2020 - 10:43 AMT
Ոստիկանություն․ Փողոցների շրջափակումը և երթևեկության կազմալուծումը վարչական պատասխանատվության կբերեն

Ոստիկանությունը ցուցարարներին հիշեցրել է, որ նրանց իրավունքների իրացումը` փողոցների շրջափակմամբ, տրանսպորտի երթևեկության կազմալուծմամբ, առաջացնում է վարչական պատասխանատվություն:

«Ոչ ոք չի կարող սահմանափակել կարծիքի արտահայտման ազատությունը, բայց հիշեք, որ բոլոր քաղաքացիներն ունեն կարծիքի ազատ արտահայտման, ազատ տեղաշարժվելու, անդորրի և այլ սուբյեկտիվ իրավունքներ: Հորդորում ենք ձեր սուբյեկտիվ հիմնական իրավունքներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, չչարաշահել դրանք, հարգել համաքաղաքացիների իրավունքները»,- գրված է հայտարարության մեջ:

Կոչ է արվում հարգել բոլորին և չխանգարել հանրային համաձայնության կայացմանը։

Նշվում է, որ ոստիկանությունը հավատարիմ է իր գործառույթների իրականացմանը՝ ապահովել օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը, բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, անդորրն ու անվտանգությունը:

Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու մասին նոյեմբերի 10-ի լույս գիշերվա ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցեր են։ «Հայրենիքի» փրկության շարժումը, որի վարչապետի թեկնածուն նախկին վարչապետ և նախկին պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանն է, Փաշինյանին հրաժարական տալու ժամանակ է տվել մինչև դեկտեմբերի 8-ի 12։00-ն։