Հայաստանում կալանավորված երկու սիրիացի վարձկան ահաբեկիչները ռազմագերի չեն և ենթակա չեն հանձնման կամ փոխանակման, PanARMENIAN.Net-ին ասաց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը:
Նա նշեց, որ նրանք մեղադրյալի կարգավիճակում են և կալանավորված են։
Ավելի վաղ հայկական ու ադրբեջանական կողմից պաշտոնապես պատրաստակամություն էր հնչել գերիների փոխանակում կազմակերպել «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով:
Ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին մասնակցել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին և ձերբակալվել ԱՀ պաշտպանության բանակի ուժերի կողմից։ Նրանք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածի (միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 3-րդ մասի 1-ին կետի (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) և 395-րդ հոդվածի 3-րդ մասի (վարձկանություն) հատկանիշներով: