10 դեկտեմբերի 2020 - 13:39 AMT
Կուսակցությունների մասին օրենքն ընդունվել է առաջին ընթերցմամբ

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը։

Նախագծին կողմ է քվեարկել 99 պատգամավոր, դեմ՝ 1։

«Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը շրջանառության մեջ էր դրվել դեռ 2020-ի սեպտեմբերին, սակայն պատերազմի պատճառով չէր քննարկվել։ Նախագծով առաջարկվում է մի շարք առանցքային փոփոխություններ իրականացնել, ինչպես, օրինակ, կուսակցությունների ֆինանսավորման մեխանիզմի վերանայումը, կուսակցությունները բիզնեսից անկախ, ավելի թափանցիկ դարձնելը, ֆինանսական միջոցների հայթայթման համար հեշտացվող պայմաններ ապահովելը, երիտասարդների, կանանց ներգրավվածության ավելացումը:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը նշել է, որ այս փուլում կողմ են քվեարկելու նախագծին, սակայն իրենց մտահոգությունները հայտնել են ու հույս ունեն երկրորդ ընթերցման ժամանակ դրանք հաշվի կառնվեն։

«Իմ քայլից» պատգամավոր Համազասպ Դանիելյանն էլ նշել է, որ մինչև երկրորդ ընթերցումը կքննարկեն «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած 2-3 կետը և կփորձեն հնարավոր լուծումներ գտնել։

Ընթերցեք նաև․ Նախագիծ․ Կուսակցություն կարող են ստեղծել նաև 18 տարեկանները, որոշ պահանջներ բարդանում են