18 դեկտեմբերի 2020 - 15:25 AMT
Ալիևը պաշտպանել է Փաշինյանին․ Պարտված բանակը ստեղծել են Քոչարյանն ու Սարգսյանը

Հայաստանի ժամանակակից բանակը վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ստեղծել, այլ երկրի նախկին ղեկավարներ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Պարտված բանակը՝ Փաշինյանի բանակը, այն բանակն է, որը ստեղծել են Քոչարյանն ու Սարգսյանը»,-հայտարարել է Ալիևը՝ հավելելով, որ Փաշինյանին թիրախավորողները պիտի դա հասկանան։

Նա նաև նշել է, որ այժմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին պետք է խոսել անցյալ ժամանակով, քանի որ «դա արդեն պատմություն է»։

«Ղարաբաղում կրակի դադարեցման համաձայնությունը պահպանվում է, և, կարծում եմ, ամեն օր կամրապնդվի»,-ասել է նա։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։