18 դեկտեմբերի 2020 - 16:08 AMT
ԱՆ․ Ծխախոտի մասին օրենքը կրկին ԱԺ բերելն անհասկանալի է, երկիրը բազմաթիվ մարտահրավերների առաջ է

Առողջապահության նախարարության համար անհանսկանալի է «Ծխախոտի մասին» օրենքի 2021թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող դրույթների հետաձգման վերաբերյալ նախագիծը կրկին ԱԺ օրակարգ բերելը, երբ «երկիրը պետական բոլոր ինստիտուտների կողմից դիմագրավում պահանջող բազմաթիվ մարտահրավերների առաջ է», ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

ԱՆ-ից կոչ են անում գործընկերներին հանել փոփոխությունն ԱԺ օրակարգից:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ 2021-ի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի մի շարք դրույթներ: Ըստ այդմ՝ մասնավորապես արգելվում էր փակ տարածքներում ծխախոտի օգտագործումը, արտադրատեսակների փոխարինիչների հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում։

«Բազմիցս ներկայացվել են ապացուցողական փաստեր, որ օրենքով սահմանված դրույթները ոչ միայն նպաստելու են երկրի զարգացմանը, այլև հնարավորություն են ընձեռելունվազեցնել տարբեր ոչ վարակիչ հիվանդությունների, այդ թվում` դիաբետի, սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի դեպքերը` նպաստելով դրանց դեմ արդյունավետ պայքարին ու նաև տարբեր համավարակների դեպքում (ինչպիսին է կորոնավիրուսը) այս հիվանդությամբ ապրող անձանց շրջանում ծանր հիվանդացության դեպքերի և մահերի կանխմանը»,-գրել է նա։

Նիկողոսյանը հիշեցրել է, որ օրենքն ընդունելիս որոշվել է այն այնպես խմբագրել, որ դրա դրույթներն ուժի մեջ մտնեն աստիճանաբար` ժամանակ տալով հանրությանը և տնտեսվարողներին պատրաստվել դրան: