ՌԴ-ն և Թուրքիան համակարծիք են, որ իրավիճակն Արցախում չպետք է օգտագործվի տարածաշրջան օտարերկրյա վարձկանների ներթափանցման համար։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ավարտին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Մեր ընդհանուր կարծիքն է, որ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը չպետք է օգտագործվի այդ տարածաշրջան վարձկանների ներթափանցման համար։ Այստեղ մենք մեր թուրք գործընկերների հետ միանգամայն նույն դիրքորոշումն ենք կիսում»,- ասել է նա։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 29-ին Սոչիում իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններում հատուկ ուշադրություն է դարձնելու ԼՂ հակամարտությանը։ Նշվել էր, որ մասնավորապես, կողմերը քննարկելու են ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի նոյեմբերի լույս 10-ի գիշերվա եռակողմ հայտարարության իրականացմանն ու հումանիտար աջակցությանն առնչվող հարցեր:
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։