Իրավապաշտպանների ցույցը՝ ԱՆ մոտ․ Պահանջում են ասել՝ ԼՂ հարցով նոր փաստաթուղթ կա, թե՝ ոչ

Իրավապաշտպանների ցույցը՝ ԱՆ մոտ․ Պահանջում են ասել՝ ԼՂ հարցով նոր փաստաթուղթ կա, թե՝ ոչ

PanARMENIAN.Net - Հայաստանի իրավապաշտպաններ և մի խումբ քաղաքացիներ պահանջում են, որ արդարադատության նախարարությունը հստակեցնի, թե արդյոք Արցախի կամ ՀՀ տարածքներին առնչվող որևէ փաստաթուղթ ուղարկվել է նախարարության հաստատմանը, փոխանցում է Sputink Armenia-ն։

Telegram-ի հայաստանյան որոշ ալիքներ ավելի վաղ հայտնել էին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է հունվարի 11-ին Մոսկվայում փաստաթղթեր ստորագրել, որոնք, իբր, պետք է «ամրագրեն Ադրբեջանին Հայաստանի ինքնիշխան տարածքների փոխանցումը», Նախիջևանի ինքնավարությունը Ադրբեջանի հետ կապող տրանսպորտային միջանցքի բացումը, ինչպես նաև Ղարաբաղից զորքերի դուրսբերումը: Ավելի վաղ արված հրապարակումներում նշվում էր, որ պայմանագրի նախագիծն արդեն պատրաստ է և գաղտնի ուղարկվել է արդարադատության նախարարություն ՝ ձևակերպումները ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար:

«Մենք իրավունք ունենք իմանալ` ինչ է մեզ սպասվում, այլ ոչ թե շուռնուխցիների նման քնել-զարթնել ու տեսնել` տներն այլևս իրենցը չեն։ Բոլորս տեղեկատվություն ստանալու իրավունք ունենք»,- ասել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նա նշել է, թե տեսել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հերքումը, թե իրենց մոտ որևէ փաստաթուղթ չկա, սակայն դա, իր կարծիքով, բավարար չէ, իրենք սպասում են նախարարության ներկայացուցիչներին, որպեսզի ներքև իջնեն ու պարզաբանում ներկայացնեն։

Անդրադառնալով վարչապետի գրառմանը, թե նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ չկա ոչ «Մեղրի», ոչ էլ ՀՀ որևէ տարածքի առնչությամբ «միջանցք» արտահայտություն` Մելիքյանը նշել է, թե հայտարարության մեջ չկային նաև «Շուռնուխ, Խծաբերդ» բառերը։

Ժամը 13։40-ի դրությամբ՝ ցուցարարների հետ հանդիպել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, նաևս մեկ անգամ վերահաստատել է, որ նախարարությունում որևէ փաստաթուղթ չկա, լուրն ապատեղեկատվություն է։

«Վերջին շրջանում Telegram-ի մի շարք անհայտ ծագման ալիքներ են ի հայտ եկել, որոնց միջոցով էլ ապատեղեկատվություն է տարածվում։ Հասարակությունում էլ հուզումներ և անհանգստություններ են առաջանում, սակայն ես կոչ եմ անում բոլորին չվստահել նման ալիքների տարածած լուրերին։ Նման պայմանագիր գոյություն չունի արդարադատության նախարարությունում»,-ասել է Բադասյանը։

Նախարարության առջև հավաքը շարունակվում է։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամաբ հայտարարել էր, թե Հայաստանից դեպի Ռուսաստան և Ադրբեջանից դեպի Նախիջևան հաղորդակցության երթուղիների ընտրությունն առանձին քննարկման թեմա է, իսկ դրա արդյունավետության կարևոր պայման է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակումը, ինչպես նաև անհետ կորածների որոնողական աշխատանքների ծավալների և արդյունավետության բարձրացումը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---