2 մարտի 2009 - 17:45 AMT
ԵԱՀԿ ՄԽ Էդվարդ Նալբանդյանին ծանոթացրել է Բաքվի եւ Ստեփանակերտի հանդիպումների արդյունքների հետ
Մարտի 2-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Մեթյու Բրայզայի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՀՀ արտգործնախարարին ներկայացրեցին Բաքվում եւ Ստեփանակերտում տեղի ունեցած հանդիպումների արդյունքները: Էդվարդ Նալբանդյանն իր կողմից ողջունեց Մինսկի խմբի համանախագահների փետրվարի 19-ի հայտարարությունը, որը նախարարի բնորոշմամբ բացառում է արցախյան հիմնխանդրի խաղաղ կարգավորման այլընտրանքը եւ լիովին համահունչ է Մոսկովյան հռչակագրին եւ 2008 թ. Հելսինկիի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ընթացքում ընդունված հայտարարություններին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Փետրվարի 19-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշվում էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: «Հակամարտությունների արդար եւ կայուն կարգավորման հիմնական բաղկացուցիչը ուժի չկիրառումն է»,- ասվում է ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մեջ: