25 հունվարի 2021 - 11:56 AMT
Ուղեղի կենտրոնի շինարարությունը ԵՊԲՀ-ում մեկնարկել է

Երևանի պետական բժշկական համալսարանում մեկնարկել է Ուղեղի կենտրոնի շինարարությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Վերջինս կդառնա բժշկակենսաբանության նոր գիտակրթական կենտրոն, որտեղ երիտասարդ հետազոտողները և գիտնականները կունենան հնարավորություն՝ զբաղվելու գիտությամբ և ձեռք բերելու հետազոտական հմտություններ:

«Գիտական բացառիկ լավ լուր՝ ԵՊԲՀ-ում մեկնարկել են «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի» շինարարական աշխատանքները։

Կենտրոնը կառուցվում է ՀՀ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում, Համաշխարհային Բանկի և ԵՊԲՀ աջակցությամբ: ՈՒՀՀԳԿ, Horizon 2020 Cobrain և ՀՀ «Նեյրոկենսաբանական գործընթացների վերծանումը նորմայում և ախտաբանության մեջ՝ սաղմից մինչև ծերացող ուղեղ» դրամաշնորհային ծրագրերը միասին հիմնելու են ՀՀ-ում աշխարհին ներկայանալիք «Ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոնը»,-ասվում է գրառման մեջ։